Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդն իր կառավարման տարիներին չկարողացավ ապացուցել, որ ինքն ի վիճակի է երկիր կառավարել, եւ առաջիկա նախագահական ընտրություններում նա վստահաբար չի ընտրվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆրանսաբնակ Միշել Բազումյանը, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի անդամ է:

«Շատ բարկացած ենք, Օլանդը շատ վատ նախագահ է տնտեսության առումով: Մենք չգիտենք, թե հաջորդ տարի ով կհաղթի նախագահական ընտրություններում, վստահաբար Օլանդը չի լինելու, որովհետեւ նա չկարողացավ ապացուցել, որ ինքն ի վիճակի է երկիր կառավարել»,- ասաց Միշել Բազումյանը:

Նրա խոսքով, Ֆրանսիայի հայկական համայնքն այնքան էլ չի մտահոգվում, թե ով կլինի հաջորդ նախագահը, քանի որ իրենք համոզված են` եթե նույնիսկ նա Հայաստանի կողմից չլինի, իրենք կփոխեն նրա հայացքներն ու դիրքորոշումները:

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները սպասվում են 2017թ.-ին: