Ձերբակալությունները որոշվում են օրենքի շրջանակում, եթե կա քրեորեն հետապնդելի արարք, դրան հաջորդում է համապատասխան գործունեությունը: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով ԶՈւ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի եւ գնդապետներ Արմեն Մարգարյանի եւ Մհեր Պապյանի ձերբակալությանը:

«Ես կարծում եմ` նրանք, որոնք իրականացնում են քրեորեն հետապնդելի արարքներ, նրանք էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ ում որ աշխատանքից ազատում են, ուրեմն պետք է բավարարվեն ազատվելով»,-ասաց Մելիքյանն` ընդգծելով, որ պատերազմից հետո պաշտոններից ազատված զինվորական բարձրաստիճանների միջեւ խտրականություն չի դրվել ձերբակալության որոշման առումով:

Հարցին, թե իր կարծիքով ՊՆ բարձր ղեկավարությունն արդյոք տեղյակ չի՞ եղել տեղի ունեցող ապօրինությունների մասին, Մելիքյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բավականին լուրջ ստուգումների հետեւանք են եղել եւ այդ փաստերով էլ հարուցվել է քրեական գործ»:

Ինչ վերաբերում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հրաժարականի հավանանանությանը, նա ասաց. «Իսկ ձեզ ո՞վ էր ասել, որ պիտի տեսնեիք նման հրաժարականներ ու չեք տեսել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեում գտնվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական տվյալների՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերվել ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով:

Մասնավորապես, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝  իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ,  որն առաջացրել է  ծանր հետեւանքներ։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը՝  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է  ծանր հետեւանքներ, հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ):