Միջերկրական ծովում ավիաընկերության ինքնաթիռի ընկնելու տեղում ազդանշաններ են գրանցվել, որոնք կարող են պատկանել ջարդված ինքնաթիռի ինքնաձայնագրիչին, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ֆրանսիական նավատորմի La Place նավը, որը մասնակցում է   անցյալ շաբաթ Միջերկրական ծովն ընկած A320 ինքնաթիռի երկու ինքնաձայնագրիչի որոնմանը, բեկորների որոնման գոտում, իր որոնողական սարքավորման միջոցով ազդանշաններ է ստացել ծովի խորքից, դրանք ենթադրաբար պատկանում են ինքնաձայնագրիչներից որեւէ  մեկին», - ասված է եգիպտացի քննիչների հայտարարության մեջ: 

EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը, որը Փարիզ-Կահիրե չվերթ էր իրականացնում, մայիսի 19-ի գիշերն ընկել էր Միջերկրական ծով: Ինքնաթիռում    66 մարդ էր եղել, այդ թվում` 56 ուղեւոր: Նրանք բոլորը զոհվել էին: 

Մեկ շաբաթ անց հունական կառավարությունը տեղեկացրել էր Միջերկրական ծովում կորած ինքնաթիռի ուղեբեռի բեկորների եւ մարդկանց մնացորդների հայտնաբերման մասին:   

Միջերկրական ծովում EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռի աղետի զոհերի մնացորդների անալիզը թույլ է տալիս ենթադրել, որ ինքնաթռիում պայթյուն է տեղի ունեցել, լրագրողներին պատմել է փորձագետ քրեաբանը, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Առայժմ պաշտոնապես չի հաղորդվել անկման պատճառների մասին: