Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին իմաստուն քաղաքական գործիչ են անվանել, որի գործունեությունը շահավետ է Հյուսիսային Կորեայի համար:
DPRK Today պարբերականի խմբագրական սյունյակում Թրամփին բնութագրել են որպես նախագահի հեռատես թեկնածոիւ, փոխանցում է BBC-ն:
«Նախագահը, որի օգտին պետք է քվեարկեն ԱՄՆ քաղաքացիները, անտաղանդ Հիլարի Քլինթոնը չէ, այլ Թրամփը, որը խոսում էր Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից»,- ասված է սյունյակում:
Հեղինակի խոսքով՝ երբ «յանկինե՛ր, տո՛ւն գնացեք» կարգախոսը իրականություն դառնա, վրա կհասնի կորեական միավորման օրը:
Խմբագրական սյունյակը չի կարող պաշտոնական դիրքորոշում համարվել, սակայն, ամենայն հավանականությամբ, արտահայտում է Փհենյանի տեսակետը, նշում են վերլուծաբանները:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ուզում է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ եւ առաջարկել էր ամերիկյան զորքերը դուրս բերել Հարավային Կորեայից:





























