ԱՄՆ-ի Դաշնային պահուստը 2011-2015 թվականներին ավելի քան 50 կիբերհարձակում է գրանցել, որոշ դեպքեր նշվել են որպես «լրտեսություն», ասված է գերատեսչության գրություններում, որոնք հայտնվել են Ռոյթրզ գործակալության տրամադրության տակ:
Դաշնային պահուստի համակարգչային համակարգը կարեւոր դեր է խաղում միջազգային բանկային սպասարկման գործում եւ գաղտնի տեղեկություններ է պարունակում դրամական քաղաքականության քննարկումների վերաբերյալ: Գերատեսչության աշխատակիցները ենթադրում են, որ խախտումները կատարել են ցանցահենները կամ լրտեսները:
Գործակալության տվյալներով, Դաշնային պահուստի անվտանգության վերաբերյալ զեկույցները խմբագրվել են, բայց դրանցում չի ասվում, թե ով է իրականացրել կիբերհարձակումները, արդյոք չարամիտները կարեւոր տեղեկություններ են ստացել եւ արդյոք միջոցներ են գողացվել:
«Ցանցահենային գրոհները ֆինանսական համակարգի կայունության գլխավոր սպառնալիքն են: Այդ տվյալները ցույց են տալիս, թե ինչու», — կիբերանվտանգության մասնագետ Ջեյմս Լյուիսի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ ցանցահենային գրոհների փորձեր են նշված Դաշնային պահուստի 310 զեկույցից 140-ում, որոնց մուտք է ստացել գործակալությունը:
2011-2013 թվականներին տեղեկատվական արտահոսքի ութ դեպքում Դաշնային պահուստի աշխատակիցները «վնասակար կոդի» առկայություն են նշել: 2012-ին չորս դեպք որակվել է որպես «լրտեսություն», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























