20-ամյա Խաչատուր Նահապետյանը եւ իր ընկերը վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի ընթացքում: Խաչատուրը ձեռքի բեկորային վնասվածքներով, իսկ նրա ընկերը` դեմքի մեկ ու կես օր թաքնվել են տներից մեկի նկուղում օգնության սպասելով:   

Երբ ադրբեջանցիները գնդակոծում էին ղարաբաղյան Թալիշ գյուղը, խաղաղ բնակչությունը լքել էր այն, իսկ որոշ զինծառայողներ, որոնք պաշտպանում էին գյուղը, վիրավոր էին:  Նրանց թվում էր նաեւ Խաչատուրն իր ընկերոջ հետ: Խաչատուրը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե իրեն եւ ընկերոջը ինչպես է հաջողվել թաքնվել գյուղի տներից մեկի նկուղում, սակայն երկար ժամանակ իրենք հնարավորություն չեն ունեցել կապի դուրս գալ եւ ծառայակիցներին կամ սանիտարներին օգնության կանչել: 

Փոքրիկ նկուղի բարձրությունը, որտեղ վիրավորները ապաստան են գտել, 1.5 մ-ից ավելի չէր, եւ տղաները չէին կարող նույնիսկ ամբողջ հասակով կանգնել: Հենց այնտեղ, իրեն հարաբերականորեն անվտանգ զգալով, Խաչատուրը վերջապես զննել է ձեռքը: Պարզվել է, որ բեկորը նրա ձեռքն էր խրվել, անցել էր դաստակով` ջարդելով ոսկրերը եւ կտրելով 3 ջիլ, որոնք հետո կարել են:

Տղաներն իրենք են իրենց ցույց տվել առաջին օգնությունը. Հագուստով կապել են վերքերը: Նրանք ստիպված են եղել մեկ ու կես օր նկուղում նստել` առանց քնի եւ առանց սննդի: 

«Նման իրավիճակում չես կարող ուտելու մասին մտածել», -ժպիտով խոստովանել է Խաչատուրը:   

Երբ գյուղում խաղաղվել է, նրանց գտել են եւ սանիտարական մեքենան Խաչատուրին տարել է Մատաղիսի հոսպիտալ, իսկ այնտեղից` Ստեփանակերտ: Գորիսում Խաչատուրի ձեռքը  վիրահատել են, հետո նա հայտնվել է Երեւանում, որտեղ նրա ձեռքը դարձյալ վիրահատել են եւ կարել:   

Այժմ Խաչատուրը բուժում է ստանում Երեւանի Կենտրոնական ռազմական հոսպիտալում: Առայժմ նա դժվարությամբ է օգտագործում ձեռքը եւ մատներն առայժմ քիչ շարժական են, բայց բժիշկները հույս ունեն, որ ձեռքն ամբողջությամբ կվերականգնվի, ուղղակի ժամանակ է պետք: