Թուրքիայում երկօրյա այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այցելել է Աթաթուրքի դամբարան։ Այս մասին հայտնում է թուրքական CNNturk-ը։
Ռասմուսենը Աթաթուրքի դամբարանին ծաղկեպսակ դնելով հարգանքի րոպեից հետո, դամբարանի հատուկ հուշատետրում հետեւյալ գրառումն է թողել. «Այստեղ, որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Աթաթուրքի հանդեպ հարգանքս ուղղելով հպարտություն եմ զգում։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Աթաթուրքի „աշխարհում խաղաղություն“ սկզբունքի վրա առանց հոգնելու աշխատելով՝ ծառայություն է իրականացնում»,- հուշամատյանում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը։
Ռասմուսենը այնուհետ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, որից հետո մեկնել Անկարայից։
NEWS.am-ը հիշեցնում է, որ ընդամենը վերջերս, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունների ժամանակ, ընդհուպ մինչեւ վերջնական քվեարկությունը, Թուրքիան բացահայտ դեմ էր Ֆոգ Ռասմուսենի թեկնածությանը՝ համարելով նրան իսլամի հակառակորդ։




























