Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քայլը, կարծում եմ, կարող է օրինակ հանդիսանալ շատերի համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը։

«Հայ-գերմանական հարաբերությունները միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա բազմակողմ ձեւաչափերում: Գերմանիայի քաղաքական համակարգը բոլոր քաղաքական կուսակցությունների հետ միասին այս կայացրած որոշմամբ ամրապնդեցին Գերմանիայի լիարժեք դերը համաեվրոպական համամարդկային արժեքների ձեւավորման մեջ։ Այն պետությունները, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, դրանով իսկ կանխարգելում են ապագայում նմանատիպ հանցագործությունները։ Ես կարծում եմ՝ գերմանական համարձակությունն ու քաղաքական ազնվությունը հերթական բարձրարժեք օրինակը կլինի մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի ցեղասպանական հանցագործություները դատապարտելու համար»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Հարցին, թե ի՞նչ կտա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ այս բանաձեւը Հայաստանի Հանրապետությանը, պատգամավորը պատասխանեց. «Դա Հայաստանի Հանրապետության համար չէր, այլ մարդկության, առաջին հերթին՝ թուրքերի։ Այդ որոշումը ոչ թե ՀՀ-ին պետք է մի բան տա, այլ Թուրքիային, որ պատմությանը ազնիվ նայի եւ ընդունի, որ Օսմանյան կայսրությունը կազմակերպված ձեւով իրականացրել է Ցեղասպանությունը»,-նշեց պատգամավորը։

Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։

Նշենք, որ «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության (Völkermord) հիշատակին» անվանումով բանաձեւը Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունվել է այսօր՝ հունիսի 2-ին: Փաստաթղթին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր:

Բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: Բանաձեւում նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։