Ես գերմանացի եմ, որի մայրը ծնվել է Հայաստանում, եւ ես շնորհակալ եմ, որ նա ինձ հայերեն է սովորեցրել: Նա հիմա դահլիճում հետեւում է քննարկմանը: Այս մասին հունիսի 2-ին՝ Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումների ժամանակ ասել է իշխող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Մարտին Փեթզոլդը:
«Ես շատ շնորհակալ եմ, որ այս կարեւոր բարոյական թեմայի հարցում Գերմանիան կկրի իր պատասխանատվության բաժինը եւ միջխմբակցական բանաձեւ կընդունվի: Դա պետք է ցույց տա, թե ինչպես կարող են տարբեր ազգեր գոյակցել իրար հետ: Ես գերմանացի եմ, որի մայրը ծնվել է Հայաստանում, եւ ես մեծացել եմ հայերեն սովորելով եւ այն գիտակցությամբ, որ ցեղասպանությունը ճանաչելը չի ենթադրում մատ թափ տալով խոսել կամ մեղք բարդել որեւէ մեկի վրա, այլ խոսքը հաշտեցման հասնելու մասին է»,- ասել է նա:
Իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր Քրիստոֆ Բերգներն իր հերթին նշեց, որ իրենք ուզում են նկարագրել այն ողբերգության էությունը, որը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել եւ նշել գերմանացիների պատասխանատվության բաժինը:
«Մենք ցեղասպանություն եզրն օգտագործում ենք քանի որ միայն այդ արտահայտությամբ կարող ենք հստակ սահմանել, թե ինչ էր 100 տարի առաջ կատարվածը: Հայերի ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների եւ այո ցեղասպանությունների օրինակ է, որոնցով այդպես սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը»,- իր խոսքը եզրափակեց Բերգները:





























