Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միազգային առաջատար ԶԼՄ-ների լրահոսում գլխավոր նորությունն է դարձել:
Պարբերականները հիմնականում մատնանշում են այն փաստը, որ Գերմանիան հավանություն է տվել բանաձեւին, չնայած Թուրքիայի կառավարության ակնկալվող հակազդեցությանը: ԶԼՄ-ների գլխագրերում ամենից հաճախ օգտագործվում են «Գերմանիան ջղայնացրել է Թուրքիային» եւ «Թուրքիան կատաղած» է ֆրազները:
Այսպես, Ռոյթրզ գործակալությունը հոդված է հրապարակել «Գերմանիան Հայոց ցեղասպանության մասին բանաձեւով ջղայնացրել է Թուրքիային» վերնագրով` նշելով, որ Մերկելն ի վիճակի չի եղել կանգնեցնել փաստաթղթի ընդունումը:
The Financial Times-ն իր հերթին հիշեցնում է, որ ոչ Գերմանիայի կանցլերը, ոչ արտգործնախարարը ներկա չեն եղել քվեարկությանը: Պարբերականը նշում է, որ կանցլերի տեղակալ Զիգմար Գաբրիելը հրապարակայնորեն աջակցել է քվեարկությանը, մինչդեռ արտգործնախարար Շտայնմայերը չի արել դա:
Հեղինակավոր The Economist ամսագիրը գրում է, որ Թուրքիան բանաձեւին կպատասխանի սովորական ջղային տոնով: Ընդգծվում է, որ քվեարկությունն անբարենպաստ պահի է ընթանում Անգելա Մերկելի համար, որը ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ միգրանտների վերաբերյալ գործարքի ճարտարապետն է:
The New York Times-ի վերլուծաբանները համարում են, որ Գերմանիային Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ միգրանտների ճգնաժամի լուծման համար, սակայն ինքը` Մերկելը ճնշման է ենթարկվել, բայց Գերմանիայի կանցլերը չէր ուզում այնպիսի տեսք ունենալ, իբր կարող է նահանջել կողքից ճնշման հետեւանքով:
Բրիտանական BBC-ն նաեւ հիշեցնում է, որ բանաձեւի տեքստի վերնագրում հիշատակվում է «ցեղասպանություն» բառը, ինչպես նաեւ նշվում է, որ Գերմանիան (Օսմանյան կայսրության այն ժամանակվա դաշնակիցը) որոշակի պատասխանատվություն է կրում նրա համար, որ ոչինչ չի արել հայերի սպանությունը կանխելու համար:





























