Բեռլինը մոտեցել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  

«Դա (Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը) իհարկե ԳԴՀ-ի ներքին գործն է, - ասել է նա: Բայց ես կուզեի հիշեցնել, որ Պետդումայի համապատասխան հայտարարություններն այդ հարցի վերաբերյալ շատ վաղուց են ընդունվել: Ռուսական կողմի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ շատ հստակ է»:

«Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Գերմանիան եւս մոտեցել է ռուսական դիրքորոշմանը», - հավելել է դիվանագետը:

Հինգշաբթի Բունդեսթագը (ԳԴՀ-ի խորհրդարանը) բացարձակ մեծամասնությամբ, չնայած Թուրքիայի բողոքին, բանաձեւ է ընդունել, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն են անվանվել: