Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Գերմանիայի խորհրդարանի քվեարկությունը եւ ընդունում, որ դա ԵՄ անդամ պետության ինքնիշխան որոշումն է: NEWS.am-ի հարցմանն այսպես պատասխանեց Եվրահանձնաժողովի երկայացուցիչը:

«Եվրահանձնաժողովն ընդունելով, որ ԵՄ անդամ պետություններում տարբեր տեսակետներ կան 1915 թվականի իրադարձությունների հարցի շուրջ, հաշտեցման առաջընթացի եւ աջակցության ուղիներ է փնտրում»,- հայտարարեցին Եվրամիությունում:

ԵՄ-ն նաեւ կոչ է անում նշանակալի քայլեր ձեռնարկել, որոնք ճանապարհ կբացեն «թուրք եւ հայ հասարակությունների միջեւ լիարժեք հաշտեցման հասնելու համար»: Եվրամիությունում կարծում են, որ չափազանց կարեւոր է հնարավորություն ունենալ անցյալին բաց եւ բացահայտ երկխոսության միջոցով նայել:

ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ կողմերին կոչ է անում դրան մասնակցել առանց նախապայմանների:

Ինչ վերաբերում է հարցին, կարո՞ղ է, արդյոք, Բունդեսթագի քվեարկությունն ազդել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն գործարքի վրա, Եվրամիության ներկայացուցիչը նշեց. «Մենք չենք շահարկում, մենք Թուրքիայի հետ աշխատում ենք մարտի 18-ի հայտարարության հիման վրա»: