Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան ազդեցության հատուկ լծակներ չունի Գերմանիայի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Անդրադառնալով հարցին, թե Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչպես կազդի թուրք-գերմանական հարաբերությունների վրա, նա նշեց, որ երկկողմ հարաբերությունների վրա առանձնակի ազդեցություն չի լինի:
«Թուրքերը մի քիչ կաղմկեն, հետ կկանչեն իրենց դեսպանին, որը հետո կվերադառնա: Թուրքիան կսպառնա Գերմանիայի հետ որոշ պայմանագրերի չեղարկմամբ, բայց հետո ամեն ինչ կվերականգնի»,- նշեց Արա Պապյանը՝ ընդգծելով, որ պետք է հասկանալ, որ Գերմանիայի հարաբերություններն ավելի շատ Թուրքիային են անհրաժեշտ:ս
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: «101 տարվա հիշողություն Օսմանյան կայսրությունում Հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության» վերնագրված բանաձեւում նշվում է, որ Գերմանիան ընդունում է պատմական այդ իրադարձությունների համար պատասխանատվության իր բաժինը, ինչպես նաեւ 1915 թվականի իրադարձությունները՝ հայերի տեղահանումն ու կոտորածները, ցեղասպանություն է ճանաչում:





























