Կոնգրեսական Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնեն եւ Ռոբերտ Դոլդը ողջունել են Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման պատմական քվեարկությունը: Բունդեսթագի որոշումը ողջունել է նաեւ քալիֆորնիացի կոնգրեսական Ջիմ Կոստան: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը:
«Բարձր եմ գնահատում Գերմանիայի Բունդեսթագի ճնշող մեծամասնության կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Ցեղասպանության փաստի ճանաչմամբ Գերմանիան միացավ շատ եվրոպական երկրներին, որոնք ճանաչում եւ դատապարտում են 1915-1923 թվականների Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ջարդերը: Գերմանացիների քվեարկությունը համարձակ արարք է Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի ժամանակ: Այն հստակ ուղերձ է, որ ցեղասպանության մասին ճշմարտությունը չի կարող լռության մատնվել,եւ որ ժամանակավոր նպատակահարմարությունը չի կարող երբեւէ արդարացնել ցեղասպանության ժխտման մեղսակցությունը:
Մեր Կոնգրեսը նույնպես պետք է նման կամք դրսեւորի` մարտահրավեր նետելու թուրքական սպառնալիքներին եւ առաջնորդվի միեւնույն բարոյական ազնվությամբ եւ սկզբունքներով` հետեւելով Գերմանիայի օրինակին»,- ասել է Շիֆը:
Կոնգրեսականներ Դոլդն ու Փալոնեն իրենց հերթին ողջունել են Բունդեսթագի որոշումը հայ ժողովրդի ջարդերը ցեղասպանություն անվանելու համար: «Գերմանացի ազգը սեփական ներքին պայքարն է մղել իր պատմության ընթացքում մարդկության դեմ գործած հանցագործությունների դեմ, եւ սա ազդեցիկ հայտարարություն էր, որով նրանք հարգում են Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերին»,- ասված է հայտարարության մեջ:
Նրանց խոսքով՝ հիմա ժամանակն է, որ ԱՄՆ կառավարությունը հավուր պատշաճի ճանաչի պատմական փաստը: «Այդ վայրագությունները ցեղասպանություն ճանաչելով՝ մենք եւս մեկ անգամ կհավաստենք, որ հավատարիմ ենք նման դաժանությունները ապագայում կանխելու մտադրությանը: ԱՄՆ-ը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան առերեսվի իր պատմությանը եւ հրաժարվել ցեղասպանության ժխտման քաղաքականությունից»,- հավելել են կոնգրեսականները:
Կոնգրեսական Կոստան նույնպես ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ է արել հետեւել Գերմանիայի օրինակին եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
«Քննադատները միշտ ասում են, թե հարմար պահը չէ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այդուհանդերձ Գերմանիայի խորհրդարանը ապացուցեց, որ հիմա ճիշտ ժամանակն է»,- ասել է Կոստան:





























