Այսօր Հայ ազգային կոնգրեսի գլխավոր գրասենյակի առջեւից մի խումբ երիտասարդներ սկսեցին իրենց երթը, որն այս անգամ նվիրված էր անազատության մեջ գտնվող Սարգիս Հացպանյանին եւ Սասուն Միքաելյանին։

Ակցիայի կազմակերպիչներից Սարգիս Գեւորգյանն ասաց, թե իրենց ակցիաները ուղղված են հասարակությանը։ «Այս կերպ փորձում ենք արթնացնել ժողովրդին, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում իր շուրջը, օգնի մեզ վտարել այս բռնապետական իշխանությանը, որովհետեւ օր օրի ավելանում են բռնությունները», հայտարարեց նա։ Երթն անցավ Մաշտոցի պողոտայով, Թումանյան, Աբովյան փողոցներով, Հանրապետության հապարակով, Ամիրյան փողոցով եւ նորից Մաշտոցի պողոտայով ու ավարտվեց Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում։

Այստեղ հավաքված ՀԱԿ-ի համախոհները ծափերով եւ բացականչություններով դիմավորեցին երիտասարդներին, ովքեր կարդացին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ուրբաթ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ընդդիմադիրները երթ են կազմակերպում։