ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հինգշաբթի հայտարարություն է տարածել, որում ողջունում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւը եւ կոչ է անում Թուրքիային հետեւել այդ օրինակին, հաղորդում է asbarez.com-ը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Մերժելով աշխարհի գերտերությունների անհեռատես եւ հանցավոր կեցվածքը, որոնք օրինականացրել են ճշմարտության եւ պատմական արդարության զոհաբերումը քաղաքական եւ դիվանագիտական շահերին՝ Գերմանիայի օրենսդիր մարմինը կուլ չգնաց Թուրքիայի սպառնալիքներին եւ ճնշումներին ու ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը»,- նշված է հայտարարությունում:
Ընդունելով Հայոց ցեղասպանության հարցում իր պատասխանատվությունը՝ Գերմանիան ավելի մեծ կշիռ է հաղորդել այս հարցին: Դա ավելի մեծ թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին, միաժամանակ կամրապնդի մեր պահանջների հիմքերը։
Ժամանակն է, որ Թուրքիայի իշխանությունները հասկական, որ չեն կարող խուսափել իրենց պատասխանատվությունից: Ամեն տարի նրանց ժխտման քաղաքականությունը նոր հարվածներ է ստանում, հետեւաբար միակ ուղին Հայոց ցեղասպանությունը ճանաչումնէ եւ հայկական պահանջների համար ճնապարհ բացելը»:
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։





























