Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են երկու երկրների նախագահների համաձայնությունը, ու բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին՝ ուղղված համապարփակ կարգավորման հասնելու համար բանակցությունները վերսկսելուն: Այս մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու համար Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:

Նախարարները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հավատարմությունը: Համանախագահները նախարարներին կողմերի քննարկման համար ներկայացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողություններն ընդլայնելու եւ ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ հաստատելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են երկու երկրների նախագահների համաձայնությունը, ու բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի հունիսին՝ ուղղված համապարփակ կարգավորման հասնելու համար բանակցությունները վերսկսելուն»: