Գերմանիան վախենում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Բունդեսթագում կարող է վերջ տալ Թուրքիայի հետ երկկողմանի համագործակցությանը գրում է Der Spiegel–ը:
Նշում են, որ առաջին հերթին խոսքը ռազմական ոլորտում փոխգործակցության մասին է, մասնավորապես Թուրքիայի տարածքում գերմանական «Տոռնադո» օդանավ- հետախույզների տեղակայման ու Էգեյան ծովում միգրանտների ապօրինի փոխադրողների դեմ համատեղ առաքելության մասին: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտավախություններ ունի, որ բարկացած Թուրքիան կարող է սկսել խոչընդոտել կամ նույնիսկ դադարեցնել համատեղ նախագծերի իրականացումը:
Պարբերականի տեղեկություններով հունիսի 2-ին, քվեարկությունից առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բարձրաստիճան զինվորականների հետ քննարկել է Թուրքիայի հնարավոր արձագանքը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քմահաճությունն ու անկանխատեսելիությունը՝ անհրաժեշտ է հաշվի առնել համատեղ գործողությունների համար հնարավոր բացասական հետանքները:
Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիան Գերմանիայի ռազմավարական գործընկերն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Գերմանական հետախույզ օդանավերը, որոնք Սիրիայի ու Իրաքի տարածքների վրա աէրոլուսանկարներ են անում, արդեն մի քանի ամիս է թռնում են թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից, չնայած դրանց տեղակայման մասին համաձայնագրի վերաբերյալ պաշտոնական բանակցությունները դեռ շարունակվում են:Հոդվածագիրը նշում է, որ քննարկումները առանց այդ էլ անցնում են սրված իրավիճակում, իսկ հերթական տարաձայնությունը կարող է ավելի բարդացնել դրանք:
Բացի դրանից, բանաձեւը կարող է խանգարել Թուրքիայից Հունաստան միգրանտների ապօրինի տեղափոխության բիզնեսիի դեմ պայքարի վերաբերյալ ՆԱՏՕ-ի առաքելության իրականացմանը: Այդ առաքելությունը ղեկավարում է Գերմանիան, ինչը հավանաբար կբարդացնի բանակցությունները Անկարայի հետ ՝ հերթապահության գոտու ընդլայնման հարցում: Ավելին, հոդվածագիրը հնարավոր է համարում, որ այդ առաքելությունը կարող է առհասարակ ձախողվել:





























