Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման ամենագլխավոր նպաստողը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն  ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ նշելով, որ Գերմանիայի այս քայլը ապտակ էր Թուրքիայի համար:

«Բանաձեւի ընդունման ամենագլխավոր նպաստողը Էրդողանն էր: Սա Եվրոպայում եւ Գերմանիայի նկատմամբ վերջին տարիներին Թուրքիայի իրականացրած քաղաքականության, փախստականների հետ կապված առեւտրում Եվրոպային եւ Գերմանիային շանտաժի ենթարկելու արդյունքն էր: Մեկ տարի առաջ այս  բանաձեւը մտավ խորհրդարան, սակայն, հետաձգվեց ամենահարմար առիթի համար եւ սրանից ավելի լավ առիթ Գերմանիայի համար չկար: Սրանով Գերմանիան Թուրքիային  ապտակ հասցրեց՝ բոլոր պատգամավորները, նույնիսկ թուրք, կողմ քվեարկեցին եւ ուղղակի ժողովրդավարական պառլամենտի տեսքը պահելու համար 1 հոգի դեմ քվեարկեց »,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը` հավելելով,  որ սա քաղաքական որոշում էր, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ մինչեւ քաղաքական որոշում չլինի, բարոյական ասպեկտը որոշիչ չի դառնում.

Անդրադառնալով Բունդեսթագի կողմից ընդունված որոշման հետեւանքներին ու թուրքական կողմի արձագանքներին, թուրքագետը նշեց. «Թուրքիան բավականին վատ վիճակում է  հայտնվել, քանի որ Գերմանիան, որն Առաջին համաշխարհայինի ժամանակ իր գլխավոր դաշնակիցն էր, ընդունել է Հայոց ցեղասպանությունը եւ ավելին իր մեղսակցությունն էլ շեշտում է: Սրան հետեւելու են այլ քայլեր եւ գուցե ի հայտ գա փոխհատուցման խնդիրը: Եթե գերտերությունների համար շահավետ լինի, գուցե Թուրքիային հիշեցնեն փոխհատուցման մասին, սակայն կրկին երբ դա գերտերությունների շահերին համապատասխանի։

Թուրքիան խուսափելու է հարաբերությունները խզել Գերմանիայի հետ, քանի որ թուրք–գերմանական հարաբերությունները, մանավանդ տնտեսական, խիստ սերտաճած են։ Գերմանիայի հետ հարաբերությունների խզումը Թուրքիայի համար աղետալի կլինի, այն ավելի վատ կազդի թուրքական տնտեսության վրա քան եղավ Ռուսաստանի դեպքում»:

Նրա խոսքով, թե Թուրքիայում,  թե ամբողջ աշխարհում ձեւավորված կարծիք կար, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո թե պահանջատիրությունը, թե Ցեղասպանության հետեւանքով առաջացած Թուրքիայի պատասխանատվությունը զրոյանալու է: «Գերմանիայի կողմից նման բանաձեւի ընդունումը բերում է այն համոզման, որ ամեն ինչ վերջացած չէ եւ շարունակելու ու պայքարելու տեղ կա: Այս բանաձեւի ընդունումը կրկին կաշխուժացնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսակցությունները, քննարկումներն ու գործընթացները, կնպաստի նաեւ այլ երկրների խորհրդարաններում նման տիպի բանաձեւերի օրակարգ գալուն»,-ասաց նա:

Թուրքագետի խոսքով՝ Բունդեսթագի բանաձեւից հետո,  Թուրքիան կխուսափի խզել հարաբերությունները  Գերմանիայի հետ, քանի որ Թուրքիայի համար Գերմանիան կարեւոր նշանակություն ունի, մանավանդ տնտեսական հարաբերություններում:

Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։