Գերմանիայի եւ Սկանդինավյան երկրների քաղաքացիությունները համարվում են աշխարհում ամենագրավիչները հասարակական, տնտեսական եւ քաղաքական բարիքների տեսանկյունից, ասված է հինգշաբթի հրապարակված աշխարհի քաղաքացիությունների  վարկանիշում: 

Ինդեքսում, որը կազմվել է շվեյցարական քոնսալթինգային  Henley & Partners ընկերության կողմից`  Ռուսաստանի Ներդրումային միգրացիայի խորհրդի ղեկավար, պրոֆեսոր Դմիտրի Կոչենովի համագործակցությամբ,  Ռուսաստանը քաղաքացիության գրավչության առումով 60-րդ տեղում է: Դա ԱՊՀ-ի երկրների մեջ լավագույն արդյունքն է:   

Մեծ Բրիտանիան զբաղեցնում է ցուցակի 11-րդ հորիզոնականը` գնահատման պարամետրերով առաջին տեղից հետ մնալով ընդամենը   3 տոկոսով: Փորձագետներն ընդհանուր առմամբ 182 քաղաքացիություն են դասակարգել ըստ տարբեր ցուցանիշների, 2011-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ինդեքսը, հեղինակների խոսքով, ցույց է տալիս, որ տնտեսական ծաղկումը դեռեւս լավագույն պայմաններ չի ապահովում տվյալ երկրի քաղաքացիների համար: 

«Տնտեսական հսկա Չինաստանը, օրինակ, իր քաղաքացիների մեծամասնությանն ամենալավ որակի քաղաքացիություն չի տրամադրում», - պնդում է մամուլի հաղորդագրությունը, որը նվիրված է վարկանիշի թողարկմանը: Նշանակալի է, որ ՉԺՀ-ն    60-րդ տեղը կիսում է Ռուսաստանի եւ Կատարի հետ: Հայաստանը   110-րդ տեղում է, Ադրբեջանը` 107-րդ, իսկ Վրաստանը` 103-րդ:

Ընդհանուր առմամբ այդ երկրների քաղաքացիության որակը սահմանվում է որպես բարձր: 

Հետազոտության ընդգրկած հինգ տարվա ընթացքում առաջին տեղը կայուն կերպով բաժին է հասնում Գերմանիային (83,1 տոկոս), նրան հաջորդում են Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան: Ցուցակը եզրափակում են Աֆղանստանը   (14,4 տոկոս) եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (14,3 տոկոս):

Ռուսաստանյան քաղաքացիությունը վարկանիշի առաջատար Գերմանիայինից հետ է մնում ավելի քան երկու անգամ: