Թուրքիան կարող է կարճ ժամանակով ձեւացնել իբրեւ դժգոհ է, իսկ ստեղծված իրավիճակը բխում է Գերմանիայի շահերից: Այս մասին հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայ դատի գրասենյակի ու ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով ինչպես եւ Հայոց ցեղասպանության մասին բոլոր մյուս բանաձեւերի ընդունման դեպքում, որքան էլ որ Թուրքիան նեղանա, դեսպաններին հետ կանչի ու նրանց տանը պահի, տվյալ երկրների հետ հարաբերությունները, այսպես թե այնպես մնում են նույնը, ինչ մինչ այդ են եղել: «Ես կարծում եմ, որ եթե հարցը քննարկման դրվեր Գերմանիայի գործադիր մարմնում, այն սակարկությունների առարկա կդառնար: Բայց կարծում եմ՝ Գերմանիայի հասարակության մեջ մեղքի գիտակցումն այնքան մեծ է, որ անհնար էր խոչընդոտել բանաձեւի ընդունմանը»,- շեշտել է Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:





























