Մենք պետք է ավելին անենք՝ Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման համար: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նրա խոսքով,  առաջիկայում Բեռլինը լրացուցիչ ջանքեր է գործադրելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Երախտիքի բազմաթիվ խոսքեր հնչեցին Գերմանիայի խորհրդարանի երեկվա բանաձեւի կապակցությամբ, բազմաթիվ նամակներ եւ շնորհակալության խոսքեր եմ ստացել եւ այդ ամենը ես կփոխանցեմ Գերմանիայի խորհրդարան: Եթե խոսենք Բունդեսթագի երեկվա բանաձեւի հետեւանքների մասին, ապա դրանցից մեկն այն է, ինչը հստակորեն նշված է բանաձեւում․ մենք պետք է ավելին անենք՝ Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման համար»,- ասել է Քիսլերը:

Նա ընդգծել է, որ Գերմանիան բազմաթիվ նախագծեր ունի՝ միտված Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների հարաբերություններն ավելի սերտ դարձնելուն. «Երկարատեւ հեռանկարում ցանկանում ենք տեսնել, որ մի օր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն եւ կբացվի հայ-թուրքական սահմանը»:

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։