Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ վիզայի ռեժիմի ազատականացման մասին բանակցությունների շարունակումը հուսադրող գործոն է, հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Եվրահանձնաժողովը մայիսի սկզբին Եվրախորհրդարանին եւ ԵՄ-ի խորհրդին առաջարկել է հանել սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջ կատարի վիզաները հանելու համար մնացած պայմանները:  Դրա թվում են կոռուպցիայի կանխարգելման միջոցները, Եվրապոլի (ԵՄ-ի ոստիկանական ծառայությունը) հետ օպերատիվ համաձայնության մասին բանակցությունների անցկացումը, բոլոր անդամ երկրների հետ դատական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարում օրենսդրության վերանայումը:   

«Այն փաստը, որ բանավեճերը շարունակվում են, ինքնին հուսադրող է», — Բրյուսելում լրագրողներին ասել է Սխինասը: 

Ավելի վաղ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտնել էր, որ իրատեսական չի թվում հունիսին նախատեսված` Եվրամիության վիզաների չեղյալ համարումը Թուրքիայի քաղաքացիների համար: Սլովակիան կնախագահի ԵՄ-ի նախարարների խորհրդում  2016-ի հուլիսից մինչեւ դեկտեմբեր:  

Լայչակի խոսքով, անհրաժեշտ է, որ Թուրքիան կատարի ԵՄ-ի բոլոր  72 պահանջները, որոնցից դեռ կատարված չեն 7-ը, այդ թվում` հակաահաբեկչական օրենսդրության վերաբերյալ: 

Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանը ԵՄ-ին ավելի վաղ  սպառնացել էր դուրս գալ միգրացիոն համաձայնագրից, եթե Եվրամիությունը այդ երկրի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ չտրամադրի: Էրդողանը նաեւ հայտնել էր, թե Թուրքիան չի վերանայի իր հակաահաբեկչական օրենսդրությունը եւ ԵՄ-ին մեղադրել էր երկերեսանիության համար: Ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Եվրամիությանը բարձրագոչ հայտարարություններով վախեցնելուց վիզայի ռեժիմի ազատականացման բանակցություններին ցանկալի արդյունքի հասնելու համար: