Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը համարում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար հանրապետականների կողմից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփին հոգեբույժ է պետք:

«Ես կարծում եմ, կներեք արտահայտությանս համար, որ նրան հոգեբույժ է պետք»,- ասել է Մորալեսը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է նա մտածում Թրամփի մասին:

Բոլիվիայի նախագահը կասկած է հայտնել, որ նման թեկնածուն կարող է օգտակար լինել ԱՄՆ-ի համար: «Չգիտեմ, օգտակա՞ր է արդյոք նման թեկնածուն հենց Միացյալ Նահանգների համար: Չեմ կարծում».- նշել է նա:

ԱՄՆ նախագահի ընտրությունները կանցնեն նոյեմբերին: Թրամփը առաջնային ընտրությունների արդյունքներով հավաքել է կուսակցական պատվիրակների 1237 ձայն, որոնք անհրաժեշտ են Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար:

Մինչ այդ ԱՄՆ նախագահի ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից ֆավորիտ համարվող Հիլարի Քլինթոնը կտրուկ քննադատել էր Թրամփին արտաքին քաղաքականության հարցում նրա հայացքների համար: Նա հիշեցրել է, որ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցներին, ենթադրել, որ Սաուդյան Արաբիան կարող է միջուկային զենք ստանալ, նաեւ խոստացել ամերիկյան զինվորականներին թույլատրել կտտանքներ կիրառել ռազմագերիների նկատմամբ: Թրամփը հայտնել է, որ «վստահ չէ, որ (ԱՄՆ-ի համար) ադքան վատ կլիներ, եթե Ճապոնիան ու Հարավային Կորեան իրենց սեփական միջուկային զենքն ունենային»: Այս հայտարարություններին նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է արձագանքել, հայտարարելով, որ «նման բաների հետ կատակել չի կարելի»: