Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բավականաչափ ամուր են` դիմանալու տարակարծությանը: Այդ մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գերմանիայի կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆան Զիբերտը:
Նա Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բնութագրել է որպես «լայն եւ խորը»` նշելով միգրացիոն ճգնաժամի հարցով համագործակցության կարեւորությունը, հայտնում է France-Presse գործակալությունը:
Զիբերտն առանձնահատուկ նշել է այն փաստը, որ Գերմանիայում մոտ 3 մլն թուրք է ապրում` ընդգծելով, որ «նրանք կան եւ մնում են մեր երկրի մաս»:
«Մեր երկրի ժողովրդավարական մշակույթը ենթադրում է, որ կարող են գոյություն ունենալ շարունակվող վեճեր, սակայն դա նաեւ նշանակում է, որ տարբեր կարծիքները կարող են արտահայտվել խաղաղ եղանակով»,- հայտնել է նա:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին հավանություն են տվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին:





























