ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման քննադատել է նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին Նյու յորքի քաղաքային քոլեջի ավարտական հավաքույթի ժամանակ, հայտնում է The New York Times–ը:
Բարաք Օբամայի կինը չի հիշատակել միլիարդատիրոջ անունը, բայց կոնտեքստից հասկացվում էր, թե նա ում մասին է խոսում, նշում է պարբերականը: Նա շեշտել է, որ այն առաջնորդները, որոնք ահաբեկում, հրեշավոր են ներկայացնում ու մարդկային կերպարից զրկում մարդկանց ամբողջ խմբերի,պարզապես ուրիշ ոչինչ չունեն առաջարկելու:
«Այստեղ՝ Ամերիկայում մենք չենք տրվում մեր սեփական վախերին: Մենք չենք կառուցում պատեր, որպեսզի զսպենք մարդկանց, քանի որ գիտենք, որ մեր մեծության համար մենք միշտ պարտական ենք եղել նրանց, ովքեր ծնվել են այլ երկրում, բայց գտել են ա՛յս երկիրը ու այն իրենց հայրենիքը դարձրել »,- դիմել է Օբաման քոլեջի շրջանավարտներին:
Սա վերջին ավարտական հանդիսությունն էր, որտեղ Միշել Օբաման հանդես էր գալիս ԱՄՆ առաջին տիկնոջ կարգավիճակում:





























