Գվատեմալայի մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Դուայթ Պեցցարոսսին ուրբաթ ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով: Այդ մասին հայտնել են կենտրոնաամերիկյան երկրի դատախազությունից: 

Գերատեսչությունում ենթադրում են, թե նա կարող էր հանցավոր գործակցության մեջ լինել երկրի նախկին նախագահ Օտտո Պերես Մոլինայի հետ, որն անօրինական եղանակով կարող է մոտ 65 մլն դոլար ստացած լինել: Անցած հինգշաբթի այս գործի հետաքննության շրջանակում կալանքի է առնվել 25 մարդ, այդ թվում` նախկին բարձրաստիճան պետծառայողներ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Պեցցարոսսին մեղադրվում է հանցավոր համաձայնության եւ կաշառակերության համար», - հայտնել է երկրի գլխավոր դատախազ Թելմա Ալդանան: Ակնկալվում է, որ արդեն հունիսի 6-ին նախկին նախարարը առաջին ցուցմունքները կտա: Մինչեւ կառավարություն գալը նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, հանդես էր գալիս ոչ միայն Լատինական Ամերիկայի, այլեւ Եվրոպայի ակումբներում, իսկ ազգային հավաքականի կազմում 25 գոլ է խփել: Պեցցարոսսին մարզական կարիերան ավարտել է  2013-ին: Մշակույթի եւ սպորտի նախարարությունը նա գլխավորել է   2014-ի սեպտեմբերից մինչեւ 2015-ի սեպտեմբեր:

2015-ի գարնանը երկրի գլխավոր դատախազությունը եւ ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող Անօրինականության դեմ պայքարի հանձնաժողովը Գվատեմալայում մաքսային մարմինների գործունեության մեջ կոռուպցիոն խոշոր սխեմա են ի հայտ բերել:   Ապրիլի վերջին այդ գործով տեղի են ունեցել առաջին ձերբակալությունները, իսկ այդ պահին գլխավոր կասկածյալը` Խուան Կառլոս Մոնսոնը, որը փոխնախագահ Ռոքսանա Բալդետտիի աշխատակազմի անդամ էր, փախուստի է դիմել:  Պայթած սկանդալը Բալդետտիին ստիպել է մայիսին հրաժարական տալ: Օգոստոսի վերջին նա ձերբակալվել է:   

Կասկածի տակ է հայտնվել նաեւ նախագահ Օտտո Պերես Մոլինան: Նրա դեմ հանցավոր համաձայնության, մաքսանենգության եւ կաշառակերության մեղադրանքներ են առաջ քաշվել: Գվատեմալայի միապալատ խորհրդարանը 2015-ի սեպտեմբերի սկզբին հավանություն է տվել նրան դատական անձեռնմխելիությունից զրկելուն, իսկ հետագայում ընդունել է նրա հրաժարականը: Ավելի ուշ  Պերես Մոլինան քրեական գործով մեղադրյալ է դարձել եւ դատարանի որոշմամբ կալանքի է առնվել: