Տաջիկստանը էլեկտրոնային վիզաներ է ներմուծել, ինչը զբոսաշրջության կամ գործարար նպատակով երկիր մեկնող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տալիս հայտ լրացնել եւ վիզա ստանալ, առանց ներկայանալու արտասահմանում Տաջիկստանի հյուպատոսական հաստատություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Էլեկտրոնային վիզա ստանալու նպատակով հայտատուները հարցաթերթիկի ուսումնասիրման համար պետք է 50 դոլար վճարեն էլեկտրոնային վճարման միջազգայնորեն ճանաչված համակարգերի միջոցով էլեկտրոնային վիզաների տրամադրման «e-Visa» պորտալում: Վիզայի գումարի վճարումից եւ դրական որոշումից հետո հայտատուն էլեկտրոնային փոստի հասցեով էլեկտրոնային վիզա է ստանում, որը պետք է ներկայացնի Տաջիկստանի պետական սահմանն անցնելիս գործող անձնագրի հետ միասին:   

Տաջիկստանի էլեկտրոնային վիզան գործում է   90 օրվա ընթացքում, դրա տերը կարող է հանրապետության տարածքում գտնվել 45 օրացուցային օրվանից ոչ երկար: Էլեկտրոնային վիզան չի երկարացվում եւ դրա տերերը պետք է նշված ժամկետում լքեն երկրի սահմանները: 

«Նոր համակարգը մշակված է` հեշտացնելու օտարերկրյա քաղաքացիների կողմից Տաջիկստանի վիզա ստանալու գործընթացը, ինչպես նաեւ պարզեցնելու գործարարների համար վիզայի արարողակարգերը», — նշված է ԱԳՆ-ի տեղեկատվական դեպարտամենտի հաղորդագրության մեջ: