Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի շատ բարոյական հաղթանակ է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ Գերմանիայի այդ քայլին հաջորդած էյֆորիան անիմաստ է համարում: Նրա խոսքով, հայկական կողմից օգուտն այն է, որ արդեն մի քանի օր է, Հայոց ցեղասպանության թեման միջազգային մամուլի էջերում է:
Անդրադառնալով հարցին, թե ինչու հենց հիմա Գերմանիայի խորհրդարանը գնաց նման քայլի, թուրքագետը նշեց, որ թուրք-գերմանական հարաբերություններն այսօր գտնվում են բավական բարդ վիճակում, եւ այսօր Եվրոպային անհրաժեշտ են Անկարային զսպող մեխանիզմներ:
Ռուբեն Մելքոնյանն առաջարկեց Բունդեսթագի այս բանաձեւը դիտարկել որպես Գերմանիայի քննություն դեմոկրատական եւ համամարդկային արժեքների: «Ավելի կարեւոր եմ համարում հաջորդ քայլը. Գերմանիայի արխիվներում շատ կարեւոր փաստաթղթեր կան, ժամանակն է դրանք հանել որպես իրողության ապացույց, որպես Հայոց ցեղասպանության փաստագրական հենքն ավելի ամրագրելու միջոց»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։





























