Հունիսի 5-ին Շվեյցարիայում տեղի կոնենա հանրաքվե բոլոր քաղաքացիների համար պարտադիր հիմնական եկամուտի ներդրման հարցով: Նախաձեռնողները ենթադրում են, որ յուրաքանչյուր մեծահասակ քաղաքացի պետք է պետությունից 2500 ական շվեյցարական ֆրանկ ( կամ ընթացիկ փոխարժեքով մոտ 2260 եվրո) ստանա, իսկ երեխաները՝ 625 ֆրանկ (մոտ 565 եվրո), հայտնում է Life–ը:
Գաբրիել Բարտան՝ Բազային եկամտի համաշխարհային ցանցից պատմել է The Local–ին, որ նոր միջոցառումների իրականացման համար կարող է մոտ 10 տարի պահանջվել:
«Իրականում մարդկանց ոչ ոք արժանավայել կյանք չի երաշխավորում: Մեզ անհրաժեշտ է հիմնական եկամուտ, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա ընտրել, թե ինչով է ուզում զբաղվել»,- հայտնել է Բարտան:
Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ շվեյցարացիների ավելի քան 72 տոկոսը՝ այդ թվում իշխանական մարմինների ներկայացուցիչները դեմ են նման նախաձեռնության: Նրանք այդ մոտեցումն անվանում են «մարքսիստական երազանք», որի հետեւանքով մարդկանց մեծ մասը պարզապես կդադարի աշխատել, իսկ պետության համար նման քաղաքականությունը մեծ բեռ կդառնա ու կհանգեցնի տնտեսական անկայունության:
«Եթե պետությունը մտադիր է պարզապես վճարել մարդկանց, ապա նրանք այլեւս չեն աշխատի ու ոչինչ չեն անի»,- վստահեցնում է Ժնեւյան ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Չառլզ Վիփլոշը:
Բազային եկամտի գաղափարը ավելի ու ավելի պահանջված է դառնում աշխարհում, նման նախաձեռնության փորձնական սխեմաներ են դիտարկում նաեւ Ֆինլանդիայի ու Կանադայի կառավարությունները: Անցած ամիս կատարված հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիների երկու երրորդը կողմ է ունիվերսալ բազային եկամտի ներդրմանը:





























