Չորս մարդ զոհվել է ու քսանչորսն էլ վնասվածքներ ստացել Ֆրանսիայի կենտրոնական մասում ջրհեղեղների պատճառով, հայտնել է երկրի վարչապետ Մանուել Վալսը: Մինչ այդ հայտնել էին երեք զոհերի մասին:

Նա նշել է, որ հունիսի 4-ի գիշերը Սենայում ջրի մակարդակը բարձրացել էր ու հասել գագաթնակետին՝ 6.1 մետրի, իսկ հետո սկսել է աստիճանաբար նվազել ու հիմա կազմում է 6.04 մետր:

Հորդառատ անձրեւների պատճառով վարարած գետը ջրի տակ է թողել մի շարք քաղաքների փողոցները: Մի քանի հազար մարդ է տարհանվել, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրամատակարարման:

Սենայում ջրի մակարդակը բարձրացել էր ու հասել ռեկորդային ցուցանիշների վերջին 34 տարվա մեջ: Դադարեցվել է նավարկությունը: Նաեւ ջրհեղեղի պատճառով դադարեցվել է գնացքների երթեւեկությունը եւ փակվել են մետրոյի երկու կայարաններ:Կանխարգելիչ նպատակներով փակվել են Լուվրի, Օրսեի թանգարանները ու Մեծ պալատի մշակութային կենտրոնը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագ դուրս բերել արժեքավոր ցուցանմուշները: