Ամերիկյան Վաշինգտոն նահանգում դպրոցական երկու ավտոբուսի բախման հետեւանքով տուժել են 21 դպրոցական եւ ավտոբուսների մեկի վարորդը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դեպքը տեղի է ունեցել Ռենթոն քաղաքում: Ավտոբուսները տեղափոխում էին Լեյքրիջի տարրական դպրոցի երեխաներին:

Fox հեռուստաընկերությանը դպրոցի ներկայացուցիչ Ռենդի Մաթեսոնը հաղորդել է, որ ավտոբուսի վարորդն ու 11 դպրոցականներ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանք թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներ են ստացել:

Եվս 10 տուժածների վիճակի ստուգումը ծնողները վստահել են մասնավոր բժիշկների: