Նախագահական զույգը` Բարաք եւ Միշել Օբամաները ամբողջ աշխարհի հետ սգում են առասպելական բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մահը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ինչպես այս մոլորակում բոլորը, Միշելը եւ ես սգում ենք նրա մահը: Բայց մենք Աստծուն նաեւ շնորհակալ ենք նրա համար, որ բախտ ենք ունեցել ճանաչելու նրան, թեկուզեւ` մեկ վայրկյան. մեր բոլորի բախտը բերել է, որ Մեծագույնը մեր ժամանակն է ընտրել», - ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ:
«Մուհամեդ Ալին ցնցել է աշխարհը: Եվ աշխարհը դրանից ավելի լավն է դարձել: Մենք բոլորս դրանից ավելի լավն ենք դարձել,-ասված է փաստաթղթում: Միշելը եւ ես մեր խորը ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, մենք աղոթում ենք, որ բռնցքամարտիկներից մեծագույնը վերջապես հանգստություն գտնի»:
Օբաման նաեւ խոստովանել է, որ իր աշխատասենյակում Ալիի մի զույգ բռնցքամարտի ձեռնոց է պահում. «Հենց կուլտային լուսանկարի տակ, որտեղ 22-ամյա երիտասարդ չեմպիոնն առյուծի պես մռնչում է ընկած Սոննի Լիստոնի գլխավերեւում»:
Մուհամմեդ Ալին (ծնված` Կասսիուս Մարսելլուս Կլեյ) մահացել է ուրբաթ (ԱՄՆ-ի ժամանակով), 74 տարեկանում` Ֆինիքսի հիվանդանոցներից մեկում (Արիզոնայի նահանգ): Նա հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 2-ին շնչառական խնդիրների պատճառով: 1984-ին մարզիկի մոտ Պարկինսոնի հիվանդություն են ախտորոշել:





























