Առնվազն 2.4 հազար ամերիկացիներ օֆշորային ընկերություն ստեղծելու համար օգտվել են Mossack Fonseca իրավաբանական ընկերության ծառայություններից, գրում է The New York Times-ը:

Պարբերականը, վկայակոչելով «պանամական փաստաթղթերը», հայտնում է, որ ԱՄՆ քաղաքացիները առնվազն 2.8 հազար օֆշորային ընկերություններ են գրանցել Բրիտանական Վիրգինյան կղզիներում,Սեյշելյան կղզիներում ու Պանամայում:

Փորձագետների գնահատականով, օֆշորներ օգտագործելու օգնությամբ չվճարված հարկերի հետեւանքով դաշնային բյուջեի կորուստը կարող է 40-70 մլրդ դոլար կազմել:

NYT-ը նշում է, որ կնքված գործարքներից շատերը օրինական են, քանի որ ԱՄՆ-ում օֆշորային հաշիվներ ստեղծելու օրինական հիմքեր կան, մասնավորապես արտասահմանում բիզնես ստեղծելու կամ օտար երկրում անշարժ գույք գնելու ժամանակ:

Սակայն բազմաթիվ փաստաթղթեր, որոնցից են նաեւ էլեկտրոնային նամակագրության հաղորդագրությունները, անձնագրերի պատճենները, բանկային գործարքների ցանկերը ու նույնիսկ զանազան կոդային անուններ, ցույց են տալիս, որ Mossack Fonseca–ն հաճախորդներին ներկայացրել է ծառայությունների ավելի մեծ ցանկ, քան կեղծ ընկերությունների ու հաշիվների ստեղծումն է: Պարզվել է, խոսքը հարկերի վճարումից ու ֆինանսական տեղեկություններին բացահայտումից խուսափելու ուղեցույցի մասին է: