Փորձը ցույց է տալիս, որ պետական պաշտոնյաները գալիս ու գնում են, իսկ խնդիրները` մնում: Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի Երեւան այցելությունը դժվար թե լուծի վրացահայերի եւ հատկապես ջավախահայերի խնդիրները: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման հոռետեսական կանխատեսում է արել ՀՀԿ-ական պատգամավոր «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով, չնայած վրաց նախարարի այցելության օրակարգում ներառված են հայ համայնքին հուզող խնդիրներ, բայց, ընդհանուր առմամբ, դրանք դժվար թե լուծում ստանան:

«Բոլոր դեպքերում, փորձը ցույց է տալիս, որ պետական պաշտոնյաները գալիս ու գնում են, իսկ խնդիրները` մնում»,- նկատել է Թորոսյանը:
Անդրադառնալով պատճառներին, թե ինչու Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կան չլուծված հարցեր, պատգամավորն ասել է, որ դրանում կան աշխարհաքաղաքական պատճառներ: Դրանք Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ հարաբերություններն են` Ադրբեջան-Վրաստան ակտիվացող հարաբերությունների ֆոնին:

«Միաժամանակ, Հայաստանն ու Վրաստանն ինքնիշխան պետություններ են եւ նրանք պետք է ղեկավարվեն սեփական շահերով, որպեսզի հարթեին հարաբերությունները: Բացի այդ, Վրաստանը օգտագործելով իր հաղորդակցական առավելությունը Հայաստանի նկատմամբ, կարծում է, որ Երեւանը պետք է ի վնաս իր շահերի՝ առաջ մղի Թբիլիսիի շահերը, բայց այդպես չի լինում»,-եզրակացրել է Թորոսյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 3-4-ը Հայաստան է ժամանում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ Վրաստանում ապրող հայերին վերաբերող հարցեր: