Հայ դիվանագիտական միտքը պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունավետ լուծման: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է համապատասխան մոտեցման առկայություն եւ ակտիվություն, ինչը, ցավոք, չի նկատվում:
«Այսօրվա դրությամբ Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի, այն փոխարինվում է տարբեր մակարդակի հարաբերություններով, որոնք թույլ չեն տալիս մեր շահերից բխող դիրք գրավել»,- ասել է Ալավերդյանը՝ հավելելով, որ դրա ապացույցը հայ-թուրքական կարգավորման գործընթացի ընթացքն էր:
«Գործընթացն սկսվեց Շվեյցարիայի միջնորդությամբ՝ բոլորովին էլ ոչ մեր կողմից գրված սցենարով, ի սկզբանե սխալ դրված դիվանագիտական մոտեցումներով եւ ոչ ժամանակին»,- ասել է պատգամավորը:
Ըստ պատգամավորի, այսօր խորհրդարանում գտնվող արձանագրությունների տեքստը չի բխում երկրի եւ տարածաշրջանի շահերից: «Բավական չէ, որ թուրքերը ցանկանում են այդ արձանագրությունների միջոցով ամրագրել առկա, ոչ օրինական սահմանը, դեռ պահանջում են Ղարաբաղը տալ ադրբեջանցիներին»,- ասել է պատգամավորն ու հավելել. «Գիտե՞ք որն է Հայաստանի եւ Թուրքիայի տարբերությունը. Թուրքիան հաշվարկում է իր քաղաքականությունը հարյուրավոր տարիներ առաջ, իսկ Հայաստանը՝ մինչեւ հաջորդ միջազգային միջոցառումը»:




























