ԱՄՆ կառավարությունը միջգերատեսչական քննարկումներ է անցկացնում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ գործողոթյունները համակարգելու հնարավորության շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Փիթեր Քուքը:

«Մենք Ռուսաստանի հետ չենք համակարգում գործողությունները զինված ուժերի միջեւ փոխգործակցության հիման վրա: Դա չի փոխվել»,- հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Սիրիայում ԻՊ-ի ոչնչացմանն ուղղված ջանքերը:

Նա, միաժամանակ, խոստովանել է. իրեն հայտնի է, որ «ԱՄՆ վարչակազմում քննարկել են դա փոխելու հարցը»: «Ամեն դեպքում, այս փուլում մեր դիրքորոշումը մնում է նույնը»,- նշել է Քուքը՝ ամերիկյան կառավարությունում անցկացվող քննարկումների մասին որեւէ մանրամասն չներկայացնելով: