Ֆրանսիացի պանրագործները պատրաստվում են երկրորդ անգամ Հայաստան ժամանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստան գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Եվրամիության եւ Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ անցկացվող ծրագիրը նախատեսում է փորձագիտական աջակցություն եվրոպական տեսակի պանիրների արտադրության հարցում:

2-3 ամիս առաջ ֆրանսիացիները եկել էին՝ ծանոթանալու հայ գործընկերների ունակություններին: Երկրորդ այցի ընթացքում նրանք երկար կմնան մեր երկրում՝ իրենց փորձը փոխանցելու: Երկրորդ անգամ, նույնպես երկարաժամկետ, նրանք կժամանեն 2017 թվականին:

Նշենք, որ պանրի պինդ տեսակներ Հայաստանի հյուսիսում արտադրվում էին դեռեւս խորհրդային ժամանակներում: Իսկ 1-2 տարի առաջ արտադրողներից մեկը բորբոսով պանրի արտադրություն սկսեց: Այստեղ նաեւ հայտնի այլ տեսակներ են արտադրվում՝ էմենտալ, գաուդա, էդամեր, կամամբեր եւ մոցարելա:

«Իհարկե՝ ոչ զանգվածային, բայց արտադրվում են: Ուսումնասիրում են, արտահանման հնարավորություններ են փնտրում: Նոր գիտելիքներն ու փորձը կարող են օգտակար լինել»,- հայտարարեց Արմեն Հարությունյանը: