Ղազախստանի ուժայինները Ակտոբեում ոչնչացրել են 13 ծայրահեղականների, եւս չորսն էլ վիրավորված են, հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Ալմաս Սադուբաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ յոթ չարագործներին հաջողվել է թաքնվել, հիմա նրանց որոնում են:

«Երկրի ներքին գործերի մարմինների ամբողջ անձնակազմը շարունակում է ծառայությունը ուժեղացված ռեժիմով: Քաղաքում ու ընդհանուր հանրապետությունում իրավիճակը կայուն է ու վերահսկելի»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Ակտոբեում հարձակումը տեղի է ունեցել կիրակի՝ ծայրահեղականները հարձակվել են զենքի երկու խանութի ու զորամասի վրա: Փոխհրաձգությունների հետեւանքով զոհվել է վեց մարդ՝ երեք քաղաքացիական անձ ու երեք զինվորական: Եվս տասը վիրավորում է ստացել:

Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ-ում հայտարարել էին, որ հարձակումներին մասնակցություն ունեն նաեւ «կրոնական արմատական ոչ ավանդական հոսանքների անդամները»: Գրոհայինների գլխավոր նպատակը, ոստիկանության տեղեկություններով, զենք վերցնելն է եղել:

Ակտոբեում հիմա ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ է՝ բնակիչներին խնդրում են ուշադրություն դարձնել կասկածելի առարկաների վրա, չդիպչել դրանց ու ըմբռնումով վերաբերվել փաստաթղթերի ստուգումներին: