Ուզբեկստանում ծայրահեղ իսլամիստական գործունեության եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով յոթ տարվա ազատազրկման դատապարտված 34-ամյա Արամայիս Ավագյանի պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է Ուզբեկստանի իշխանություններին՝ կոչ անելով ականջալուր լինել Եվրամիության կոչին, միջազգային չափանիշներին եւ Ուզբեկստանի օրենսդրությանը համապատասխան կարգով վերանայել Արամայիս Ավագյանի եւ ընկերների, ինչպես նաեւ Ավագյանի փաստաբան Օդիլ Կոբիլովի գործը, հաղորդում է «Ազատությունը»: http://www.azatutyun.am/content/article/27783620.html
Հայտարարությունն ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, Եվրոպական միության ղեկավարությանը, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, Human Rights Watch, Amnesty International, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Արամայիս Ավագյանի եւ նրա հետ դատապարտված ազգությամբ երեք ուզբեկ, մեկ տաջիկ դատապարտյալի իրավունքների պաշտպանությունը ստանձնած «Ավագյան+4» կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն «ապօրինի ձերբակալել են Արամայիս Ավագյանին, Ֆուրկատ Ջուրաեւին, Բեկտեմիր Ումրզակովին, Դիլշոդ Ամինովին եւ Ակմալ Մամատմուրադովին: 40 օր որեւէ մեկը չի իմացել, թե որտեղ են նրանք»:
Ըստ հայտարարության, ինքնախոստովանական ցուցմունքների ակնկալիքով Արամայիս Ավագյանի եւ մյուսների նկատմամբ կիրառվել են բռնություններ։
«Իրավապաշտպանները եւ նրանք, որոնք առնչություն ունեն եւ հետեւում են գործին, համոզված են, որ քրեական գործը սարքվել է Արամայիս Ավագյանի ձեռքից բիզնեսը խլելու նպատակով», - պնդում են հայտարարության հեղինակները եւ հիշեցնում․«Իշխանությունների սպառնալիքներից հետո Ավագյանի փաստաբան Աբդուլաեւան ստիպված է եղել հրաժարվել պաշտպանությունից, իսկ երկրորդ փաստաբանի՝ դատարանում նրա շահերը պաշտպանած Օդիլ Կոբիլովի դեմ հարուցվել է քրեական գործ եւ նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ Իսկ փաստաբան Օդիլ Կոբիլովի դատավճիռն առհասարակ ոչնչացնում է օրենքի գերակայությունը եւ վստահությունը՝ Ուզբեկստանի քրեական արդարադատության նկատմամբ: 2016 թվականի մայիսի 26-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհուրդը ընդունել է Եվրամիության՝ թիվ 11.01 հայտարարությունը Արամայիս Ավագյանի եւ նրա փաստաբան Օդիլ Կոբիլովի գործով»։
Այս հայտարարության տակ ստորագրել են Ուզբեկստանում հայտնի իրավապաշտպան Սուրատ Իկրամովը, Մոսկվայում գործող «Մեմորյալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Վիտալի Պոնամարյովը, մարդու իրավունքների եւ օրինականության վերահսկողության՝ ղազախստանյան միջազգային բյուրոյի ղեկավար Ռոզա Ակըլբեկովան, Հայաստանից՝ իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը եւ Վարդան Հարությունյանը:





























