Չիլիում փորձագետները հունիսի 7-ին կարտաշիրիմեն երկրի նախկին նախագահ Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի (1964-1970)  մարմինը, ում ենթադրաբար թունավորել են բռնապետ Աուգուստո Պինոչետի գործակալները: Մասնագետները պետք է ոսկրանյութի եւս մեկ անալիզ անեն, որպեսզի հնարավոր լինի լույս սփռել քաղաքական գործչի մահվան հանգամանքների վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սա նախկին նախագահի դիակի երկրորդ արտաշիրիմումն է: Նախկինում անցկացված անալիզները նախկին նախագահի մարմնում  ի հայտ էին բերել  իպրիտի եւ թալիումի մնացորդներ: 2013-ին եւս մեկ հետազոտություն ապացուցել էր զարինով թունավորվելու հանգամանքը:

Ֆրեյ Մոնտալվան ռազմական բռնապետության տարիներին սուր քննադատության էր ենթարկում ռեժիմին: Նա մահացել է 1982թ. հունվարի 22-ին Սանտյագոյի հիվանդանոցներից մեկում ճողվածքից բուժվելու հետեւանքով: Նրա մահվան պաշտոնական պատճառը  բակտերիալ ինֆեկցիան է:

2009-ին 6 հոգու, այդ թվում՝ բժիշկների եւ գաղտնի ոստիկանության գործակալների, մեղադրանք էր ներկայացվել նախկին նախագահին թունավորելու համար:  2014-ին հետաքննությունը փակուղի էր մտել, եւ այն պաշտոնապես փակել էին: Սակայն մեկ տարի առաջ Չիլիի Վերաքննիչ դատարանը որոշել էր վերականգնել նախկին նախագահի մահվան հանգամանքների հետաքննությունը:

1973-ի սեպտեմբերի 11-ին ռազմական խունտան գեներալ Պինոչետի գլխավորությամբ պետական հեղաշրջում էր կազմակերպել, որի հետեւանքով իշխանազրկվել էր օրինական ընտրված նախագահ Սալվարդո Ալիենդեն: Պաշտոնական տեղեկություններով՝ Չիլիում Պինոչետի ռազմական բռնապետության տարիներին՝ 1973-1990թթ., քաղաքական դրդապատճառներով սպանվել  կամ անհետ կորել է 3225 մարդ: