ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Դավիթ Վիրաբյանը Armphone-ի առաջին օգտատերերից է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ հայկական Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը Երեւանում հունիսի 6-ին ներկայացրել է ArmPhone սմարթֆոնների շարքը: Ընկերության գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանը լրագրողներին հայտնել է, որ հեռախոսներն ամբողջությամբ հայ մասնագետների մշակումն են: Որոշ բաղադրիչներ պատվիրում են արտերկրից, այնուհետեւ Հայաստանում հավաքում սմարթֆոնը:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր որոշ մասեր տեղում արտադրելու հնարավորության մասին, այդ թվում՝ պլաստմասե պատյանների:

Մեկ հերթափոխի ընթացքում ընկերությունը կարող է 500 սմարթֆոն թողարկել, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաեւ 3 հերթափոխով աշխատել:

Հեռախոսի միջուկն ամբողջությամբ հայկական է՝ հայկական Android, ստեղնաշար եւ զանգերի երաժշտություն:

«Հեռախոսները նախատեսում են No questions asked սխեմայով երաշխիք: Այն գործում է տեխնիկական բոլոր վնասվածքների դեպքում, եթե միայն դուք մտածած չեք նետել ձեր հեռախոսը հատակին: Բայց եթե որեւէ այլ պատճառով այն փչացել է, մենք չենք վերանորոգում: Պարզապես վերցնում ենք այն ու նորն ենք տրամադրում»,- հավելել է Շաքարյանը:

Կախված մոդելից՝ հեռախոսներն արժեն 50-ից 150 հազար դրամ (100-ից 315 դոլար):