Իսպանական դատարանները սատարում են Քաղաքացիական օրենսգրքի դրույթի դեմ բողոքը, որը ծնողներին պարտավորեցնում է ֆինանսապես ապահովել չափահաս գործազուրկ երեխաներին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Նշվում է, որ Իսպանիայում ծնողների հետ է ապրում մինչեւ 30 տարեկան երիտասարդների 80%-ը: Նրանք չեն աշխատում, չեն սովորում, նաեւ գործազրկության նպաստ ստանալու իրավունք չունեն: Այն ստանալու համար առնվազն 6 ամսվա աշխատանքային ստաժ է հարկավոր: Արդյունքում նրանց պահելու բեռը ծանրանում է ծնողների ուսին:

«Տնտեսական ճգնաժամը մակաբույծ-երեխաների թվի աճի պատճառ դարձավ, որոնք երջանիկ են ծնողների հաշվին ապրելու համար»,- The Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Ընտանեկան փաստաբանների ասոցիացիայի նախագահ Մարիա Դոլորես Մոզանոն:

Մայիսին Պոնտեվերդեում դատարանի որոշմամբ տղամարդուն թույլ էին տվել չվճարել 24-ամյա որդուն պահելու համար, որը 7 տարվա ընթացքում ընդամենը 40 օր էր աշխատել:

Իսպանիան երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակով Եվրոպայում երկրորդն է՝ զիջելով միայն Հունաստանին: