Սերժ Ավետիքյանն իր ստեղծագործական կյանքում նկարահանել է մեկ դրամա («Փարաջանովի սկանդալը»), երկու վավերագրական ֆիլմ եւ բազմաթիվ կարճամետրաժ ժապավեններ: Հիմա Ավետիքյանն անցել է կատակերգության ժանրի: Ստացվել է՝ «Նա, ում սպասում էին»: Ֆիլմում նկարահանվել է Պատրիկ Չենեն, ինչպես միշտ՝ մեծ խանդավառությամբ: Այս մասին գրում է ֆրանսիական Francetvinfo-ն:

Դերասան Ժան-Պոլ Բոլզեկն Ադրբեջան է գնում՝ ֆրանսիական մի կազմակերպության համար ներկայացում խաղալու: Օդանավակայանի ճանապարհին մեքենայի շարժիչը խափանվում է, եւ նա մենակ է մնում ճանապարհի մեջտեղում: Ինքն էլ չիմանալով ինչպես՝ անցնում է Հայաստանի սահմանը: Հայտնվելով տեղի գյուղերից մեկում՝ հասկանում է, որ իրեն ուրիշի տեղ են դրել...

Քաղաքաբնակ եվրոպացու եւ գյուղացի ասիացու անջրպետը կատակներ ու տեսարաններ է ծնում՝ կոլորիտային, բայց ոչ պրիմիտիվ: Դրանք բացահայտում են Արեւմուտքի՝ որպես ամենակարող ուժի ընկալումը երրորդ աշխարհի կողմից: Պատրանք, որն Ավետիքյանը, անկասկած, իդեալականացնում է իր կերպարում: 

Ֆիլմում ոստիկանության թարգմանչուհու կերպարը մարմնավորել է Արսինե Խանջյանը՝ Ատոմ Էգոյանի կինը: