Իսրայելցի հնագետները Մոդիին քաղաքում արծաթադրամների մեծ հավաքածու են հայտնաբերել, որոնք թվագրված են մթա II դարով, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Archeology News պորտալին:
Գանձը հայտնաբերել են Մոդիին-Մակկաբիմ-Ռեուտ շրջանի նոր քաղաքապետարանի կառուցման ընթացքում: Մետաղադրամները թաքցված էին ժայռի ճեղքում` ավելի վաղ հայտնաբերված գյուղատնտեսական հողերից ոչ հեռու:
Աբրամ Տենդլերը, որը Իսրայելի հնությունների վարչության աշխատակից է, այսպես է մեկնաբանել գտածոն. «Սա արծաթադրամների հազվագյուտ հավաքածու է` շեքելների եւ կես շեքելների (տետրադրահմաների եւ դիդրահմաների)` Հասմոնյան կառավարման ժամանակաշրջանից: Մետաղադրամները հատվել են Տիրում (ինչպես նաեւ` Սուր, փյունիկյան քաղաք, առեւտրական հնագույն կենտրոններից մեկը. «Գազետա.Ru»): Մետաղադրամների վրա երկու կողմից պատկերված են ասորեստանյան Անտիոքոս VII Էվերհետ թագավորի եւ նրա եղբոր` Դեմետրիուս II Նիկատորի պատկերները: Ամենայն հավանականությամբ մետաղադրամներն այնպիսի մարդ է թաքցրել, որը ստիպված է եղել շտապ հեռանալ տնից: Նա փողը թաղել է` հուսալով վերադառնալ եւ վերցնել այն, բայց երեւում է` այդպես էլ չի վերադարձել: Մեզ ապշեցրել է այն միտքը, որ գանձն այստեղ է եղել ավելի քան 2,1 հազար տարի, մինչեւ որ գտանք»:
Իսրայելի հնությունների վարչության մետաղադրամների բաժնի ղեկավար Ցվի Արիելը ենթադրում է, որ գանձը թաքցրած մարդն իսկական դրամագետ էր: «Հավաքածուն բաղկացած է 16 մետաղադրամից: Գրեթե ամեն տարվա համար` մթա 135–126 թթ-ի ժամանակաշրջանում երկուական մետաղադրամ է ներկայացված: Զգացվում է, որ մարդը հատուկ է ընտրել դրանք», — ասում է նա:
Այս նույն տեղում հայտնաբերվել են վկայություններ այն բանի, որ կալվածքի բնակիչները մասնակցել են հռոմեացիների դեմ 66 թվականի առաջին ընդվզմանը. այդ ժամանակաշրջանի մետաղադրամների վրա գրված է. «Երկրորդ տարի» (ապստամբության) եւ կարգախոսը` «Ազատություն Սիոնին»:
Բոլոր հազվագյուտ գտածոները կցուցադրվեն Մոդիին-Մակկաբիմ-Ռեուտ նոր շրջանի կենտրոնի հնագիտական այգում:




























