Դուբայի Kleindienst շինարարական ընկերությունը սկսել է լողացող տների նոր շարքի արտադրություն: The Signature Edition կոչվող հավաքածուից մեկ լոտի նվազագույն արժեքը 3.25 մլն դոլար է, գրում է Maxim ամսագիրը:
«Ջրային» առանձնատան մակերեսը կազմում է մոտ 370 քառակուսի մետր, այն հաշվարկված է ութ մեծահասակների ու ութ երեխաների համար: Տան ստորին մակարդակը գտնվում է ջրի տակ՝ այնտեղ երկու ննջասենյակ ու մեկ հյուրասենյակ կա:
Տան կտուրը բազմագործառույթ է՝ այստեղ կարելի է արեւի տակ պառկել ցերեկային ժամերին ու հավաքույթներ կազմակերպել երեկոյան ուշ ժամերին:
Նոր հավաքածուի տների արժեքը 3.25 մլն դոլարից է սկսվում: Այս պահին արտադրության փուլում է 40 նման տուն: Ենթադրվում է, որ առաջին լոտերը պատրաստ կլինեն 2016-ի հոկտեմբերին:
Դուբայը ավանդաբար համարվում է նորարարական շինարարության կենտրոն: 2016-ի մայիսին այստեղ բացվել է աշխարհում առաջին լիարժեք գործող գրասենյակային շենքը, որը տպագրվել է 3D փրինթերով:




























