Միգրանտների ընտանիքում անչափահասների բարդ պահվածքի պատճառը լեզվական պատնեշն է նրանց եւ իրենց ծնողների միջեւ. նման եզրակացության են հանգել Այովայի նահանգի համալսարանի գիտնականները, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Journal of Research on Adolescence-ին:

«Երբ մենք ԱՄՆ-ում բախվում ենք միգրանտների ընտանիքներից անկառավարելի անչափահասների հետ, մենք ենթադրում ենք, որ կամ դա ծնողների մեղքն է, կամ էլ այդ ընտանիքներին անբավարար սոցիալական աջակցության: Մեր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նման խնդրում մեղավորներ չկան. Հերիք է միայն հանել լեզվական պատնեշը ծնողների եւ երեխաների միջեւ», — մեկնաբանում է հետազոտության հեղինակներից մեկը` Թոմաս Շոֆիլդը: 

Գիտնականները վերլուծել են Մեքսիկայից եկածների ընտանիքներում ավագ եւ կրտսեր սերունդների միջեւ փոխհարաբերությունները: Նկատվել է, որ ծնողների եւ երեխաների միջեւ ջերմ հարաբերությունները, ինչպես նաեւ կարգապահության պահպանումը հաստատվում է այն դեպքերում, եթե ընտանիքի բոլոր անդամները մեկ լեզվով են խոսում:  Եթե գոյություն ունի լեզվական պատնեշ, ավագների համար, որպես կանոն, անհամեմատ ավելի բարդ է կառավարել անչափահասներին, որոնք ավելի ագրեսիվ են դառնում: Գիտնականներն ընդգծում են, որ փոխըմբռնման բացակայությունը խնդիր չէ ամենօրյա շփման մեջ. հաղորդակցությունը բարդանում է միայն դաստիարակության հարցերում: 

Տվյալ խնդիրը լուծելու համար, կարծում է Շոֆիլդը, բավական է ծնողների համար անգլերենի, իսկ երեխաների համար` մայրենի լեզվի դասընթացներ կազմակերպել: Սակայն դա այլ դժվարություններ է առաջ բերում, ընթացիկ պահին ԱՄՆ-ում ավելի քան  16 մլն երեխայի ծնողներից գոնե մեկը ոչ ամերիկյան ծագում ունի: