Ազգային ժողովի փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանի հրաժարականից հետո թափուր մնացած պաշտոնի համար թեկնածուի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։ ԱԺ-ում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ճեպազրուցի ժամանակ  այս մասին  հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից այդ պաշտոնի համար առաջադրված թեկնածու, նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում նա ասաց, որ իր ճակատին դեռ գրած է «Օրինաց երկիր»՝ ավելացնելով, որ ժամանակին էլ ասել է, թե միշտ էլ իր ճակատին «Օրինաց երկիր» է գրած եղել։ «Ես դա ասել եմ ի նշան հավատարմության այն կուսակցությանը, որին ժամանակին անդամակցել եմ, եւ որի շարքերից դուրս եմ եկել սկզբունքային  տարաձայնությունների պատճառով»,- նշեց Բալասանյանը՝ միաժամանակ շփոթվելով եւ շտկելով իրեն, որ իր ճակատին ոչ թե «Օրինաց երկիր» կուսակցություն է գրած, այլ պարզապես օրինաց երկիր՝ օրենքի երկիր։

«Ես այժմ նույն հավատարմությամբ ԲՀԿ անդամ եմ եւ խոստանում եմ, որ ակտիվ գործունեություն կծավալեմ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում»,- նշեց ԲՀԿ-ականը՝ հավելելով, որ ինքը չգիտի, թե ինչու է կուսակցությունն առաջադրել հատկապես իր թեկնածությունը։ «Ինձ առաջարկել են, ես էլ համաձայնել եմ,»,- հստակեցրեց Բալասանյանը։ Նա անգամ լրագրողներից նեղացավ, զարմանալով, թե ինչո՞ւ են իրեն այդ հարցը տալիս։ «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում»,- նկատեց նա՝ հավելելով, որ իր թեկնածությունն արժանացել է կոալիցիայի եւ հանրապետության նախագահի հավանությանը։

Հիշեցնենք, որ կոալիցիոն պայմանավորվածությունների համաձայն, ԱԺ փոխխոսնակի պաշտոնը հատկացվել է ԲՀԿ-ին, ու թեեւ այդ պաշտոնն ընտրովի է, սակայն, ում առաջարկի ԲՀԿ-ն, հենց նա էլ կզբաղեցնի այն: