Ինդոնեզիայում գիտնականները գտել են 700 հազար տարեկան մեկ չափահասի եւ 2 երեխայի մնացորդներ, որոնք, նրանց կարծիքով, պատկանում են ֆլորեսյան մարդու նախնուն, որին հնագետները «հոբբիտ» են անվանել կարճահասակության պատճառով, հայտնում է BBC-ն:
Վարկածներից մեկի համաձայն՝ «հոբբիտի» նախնին նորմալ հասակ է ունեցել՝ ժամանակակից մարդու միջին հասակին մոտ: Սակայն մոտ միլիոն տարի առաջ՝ Ֆլորես կղզում հաստատվելուց հետո, նախամարդիկ սկսել էին փոքրանալ:

Գիտնականները ենթադրում են, որ կղզում հաստատված Homo Erectus տեսակի մարդիկ փոքրամարմին էին դարձել կղզում ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով: Հայտնաբերված մնացորդներից դատելով՝ հասակի կրճատման գործընթացն ավելի արագ է ընթացել, քան գիտնականները նախկինում ենթադրում էին:

Հայտնաբերված մարդու ծնոտի եւ ատամի չափերը շատ ավելի փոքր են, քան ժամանակակից մարդունը, թեպետ դրանք պատկանում են չափահաս մարդկանց: Դա գիտնականներին ստիպում է ենթադրել, որ «հոբբիտի» չափերին նրա նախնին մոտեցել է ընդամենը 300 հազար տարում:

2003-ին Ինդոնեզիայի Ֆլորես կղզում հայտնաբերվել էին փոքրահասակ խորհրդավոր էակի ոսկորներ: Այն անվանել էին Homo floresiensis կամ «Ֆլորեսյան մարդ»: Հարցը, թե այդ էակը եղե՞լ է առանձին կենսաբանական տեսակ, դեռ վեճերի առիթ է տալիս: Հավանաբար «հոբբիտները» Ֆլորես կղզում հաստատվել էին 100 հազար տարվա ընթացքում եւ ընդմիշտ անհետացել էին 15-18 հազար տարի առաջ: