Օրեր առաջ Ստամբուլի Բայազեթի շրջանում ոստիկանական ավտոբուսի անցնելու ժամանակ իրականացված պայթյունն ստանձնել է «Քուրդիստանի ազատ բազեներ» (TAK) կառույցը։

Քրդական ANF–ի փոխանցմամբ՝ քրդական TAK–ը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ հունիսի 7–ի առավոտյան Բայազեթի շրջանում իրենց կառույցի անդամ մահապարտը պայթեցրել է ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը։

Նշվել է, որ գործողությունն իրականացվել է թուրքական զինուժի կողմից քրդական շրջաններում իրականացվող կոտորածներին ի պատասխան։

«Որոշներն արդեն կարոտել են խաղաղությանը, սակայն մենք պատերազմը նոր ենք սկսում Թուրքիայի հանրապետության դեմ»,–ասվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ հունիսի 7–ին Ստամբուլի Բայազեթի շրջանում մահապարտը պայթեցրել էր իրեն, երբ այդ պահին անցել է ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը։

Պայթյունի հետեւանքով սպանվել էր 11 հոգի, որոնց մեծ մասը ոստիկանները։